Սարգիս Մուրադյանի մասին

Սարգիս Մուրադյանի ծնվել է 1927 թվականին Երևանում։

Չգիտեմ ինչպես էր պաշտոնապես կոչվում, բայց, դատելով ինձ մոտ պահպանված լուսանկարներից, այնտեղ ներկա էին լինում Սերգեյ Մերգելյանը, Երվանդ Քոչարը, Սիլվա Կապուտիկյանը, այլ մտավորականներ արվեստի և գիտության բնագավառից։ Եթե Հայաստան էին գալիս ճանաչված մարդիկ Սփյուռքից, նրանք նույնպես հրավիրվում էին։ Առաջին անգամ հայրս այնտեղ գնաց մայրիկի հետ, հետագայում ինձ և քրոջս էլ էին իրենց հետ տանում։

Հրավիրվածները մնում էին պանսիոնատում։ Ցերեկը բոլորը գնում էին էքսկուրսիաների, եկեղեցի, անտառ կամ պարզապես շփվում էին։ Հիշում եմ՝ ինչպես էր եկեղեցում երգում Լուսինե Զաքարյանը, անհնար է մոռանալ… Երեկոյան հարյուր և ավելի մարդ հավաքվում էր ճաշարանում, մեծ սեղան էր դրվում. բանաստեղծություններ էին արտասանում, կենացներ խմում, հայկական պարեր պարում։ Հոյակապ էր ասմունքում Վերա Հակոբյանը, ինչպես և հետագայում՝ 1988-ի փետրվարին։

Ընդհանուր սեղանի շուրջ հակախորհրդային մտքեր չէին արտահայտում։ Բոլորը հասկանում էին, որ ինչ-որ մեկը ոչ միտումնավոր կարող է բերանը բացել, և հետո, ճիշտն ասած, չկային վառ արտահայտված հակախորհրդային տրամադրություններ։ Կենացներ էին հնչում հայ ժողովրդի, Հայաստանի բարգավաճման համար, բաժակ էին բարձրացնում և առողջություն մաղթում Սերգեյ Մերգելյանին, Սիլվա Կապուտիկյանին և մյուսներին։ Հայրիկիս կենացներն իսկական ճառեր էին դառնում, նա շատ գեղեցիկ էր խոսում իր թավ ձայնով։ Գիշերվա ժամը 2-ի կողմերը գնում էին սենյակները և շարունակում կենացներն ու զրույցները։ Արդեն ավելի նեղ շրջապատում, իհարկե, պատմում էին քաղաքական անեկդոտներ։ Ճիշտն ասած, 16-17 տարեկանում ես դեռ շատ երիտասարդ էի և հավանաբար բաց էի թողնում որոշ խոսակցություններ, թեմաներ, ինձ ավելի շատ հետաքրքրում էր պարելը, երգելը, երիտասարդ տղաները…

Տանն անընդհատ մարդիկ էին հավաքվում։ Եթե ինձ ու քույրիկիս չէին ուղարկում քնելու, մենք լուռ նստում էինք, լսում խոսակցությունները։ Մի անգամ եկան քսան ամերիկահայ նկարիչներ։ Հայրիկն ուներ ֆիզիկոս ընկերներ, մասնավորապես Ռաֆայել Ղազարյանը (ռադիոֆիզիկոս, հետագայում դարձավ ակադեմիկոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ), Ծովակ Ավագյանը և ուրիշներ։ Հաճախ լինում էին էդգար Հովհաննիսյանը, Ֆրունզիկ Մկրտչյանը, Ֆրունզե Դովլաթյանը։ Լինում էին բժիշկներ՝ Զավեն Դոլաբջյանը, Հայաստանի գլխավոր վիրաբույժ Գեորգի Միրզա-Ավագյանը։ Մի քանի անգամ հյուրընկալել ենք ֆրանսահայ ճանաչված նկարիչ Գառզուին (Գառնիկ Զուլումյան)։ Հայրիկիս ընկերները սովորաբար իրենից երիտասարդ էին։ Իր էությամբ նա ողջ կյանքում մնաց երիտասարդ և եռանդուն, անհավանական ակտիվ։



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով