Գլուխ ութերորդ — Գայլուկը ծաղկում է

Մուռկա կովը հիմար էր եւ երես առած։ Բայց կաթ շատ էր տալիս։ Օր օրի վրա ավելի ու ավելի շատ։ Բոլոր դույլերը, բոլոր բանկաները լիքն էին կաթով։ Նույնիսկ ակվարիումն էր կաթով լցված։ Ձկները մեջը լող էին տալիս։

Մի անգամ Քեռի Ֆեոդորն արթնանում է ու տեսնում, որ լվացարանի մեջ ոչ թե ջուր է լցրած, այլ թթված կաթ։ Նա կանչում է կատվին եւ ասում․

— Էս ի՞նչ ես անում։ Հիմա ինչպե՞ս պետք է լվացվենք։

Կատուն մռայլ պատասխանում է․

— Գետում էլ կարելի է լվացվել։

— Հա, բա ձմռա՞նը։ Էլի՞ գետում լվացվենք։

— Ձմռանը կարելի է բոլորովին չլվացվել։ Չորս կողմը ձյուն է, չես կեղտոտվի։ Իսկ ընդհանրապես ոմանք իրենց երեսը լեզվով են լվանում։

— Ոմանք մկներ էլ են ուտում,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Իսկ լվացարանի մեջ այլեւս թթված կաթ չտեսնեմ։

Կատուն մտածում է եւ ասում․

— Լավ։ Ես հորթուկ կպահեմ։ Թթված կաթը թող խմի։

Իսկ ճաշին դարձյան նորություններ կային։ Եվ նորից Մուռկայի հետ կապված։ Դաշտից, չգիտես ինչու, ետեւի ոտքերի վրա է գալիս։ Բերանում էլ՝ մի ծաղիկ։ Ձեռքերը կանթած գալիս է իր համար ու երգում․

Հիշում եմ ես, ջահել էի դեռ,
Մեր բանակը արշավում էր ինչ֊որ տեղ …

Միայն թե բառերը չէր կարողանում արտասանել, ասում էր․

Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ,
Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ…

Ու գլխի վրա էլ գլխարկի պես ամպ էր նստել։ Շարիկը հարցնում է․

— Ինչո՞ւ է այդպես ուրախացել։ Տո՞ն է, ինչ է, նրա համար։

— Ի՞նչ տոն,— ասում է Քեռի Ֆեոդորը։

— Գուցե ծննդյան օրն է։ Կամ կեֆիրի օր է։ Կամ գուցե կովերի Նոր տարին է։

— Ի՞նչ գործ ունի այստեզ Նոր տարին,— ասում է Մատրոսկինը։ Ուղղակի մոլեխինգ է կերել կամ էլ գայլուկ։

Իսկ կովը վազեց ու, շրըխկ, զարկեց պատին։ Հազիվհազ կարողացան գոմը մտցնել։ Մատրոսկինը գնաց կթելու։ Դուրս եկավ հինգ րոպեից հետո, բայց նրա հետ էլ էր ինչ֊որ տարօրինակ բան կատարվել։ Մատրոսկան այնպես էր հագել, կարծես գոգնոց լիներ առջեւից կապած, կովկիթն էլ սաղավարտի պես դրել էր գլխին։ Եվ ինչ֊որ անմիտ մի բան էր երգում․


Նավաստի եմ ե՜ս,
Զբոսնում եմ, տե՜ս,
Օր֊օրի, ամեն օ՜ր,
Ալիքներին շորո՜ր։

Երեւում է, ուրախ կաթ է խմել։ Շարիկը Քեռի Ֆեոդորին ասում է․

— Կովը գժվել էր, քիչ է, հիմա էլ կատուլ է խելքը թռցրել։ «Շտապ օգնություն» պետք է կանչել։

— Մի քիչ էլ սպասենք,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Գուցե խելքի են գալիս։

Ի՞նչ խելքի գալ։ Մուռկան գոմում Օգինսկու պոլոնեզն է բառաչում․


Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ։
Մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մու֊մո՜ւ։

Իսկ կատուն սկսեց ինչ֊որ ավելի տարօրինակ բան երգել․


Մայրիկն ուներ երկու հավք,
Երկու սիրուն, ուրախ սա՜գ,
Մեկը մոխրագույն, մյուսն սպիտակ․
Պետյան ու Մարուսյա՜ն։
</i>

Եվ ինքն էլ գլուխը, շը՛խկ, խփեց պատին։

Այստեղ արդեն Քեռի Ֆեոդորն էլ անհանգստացավ․

— Շարիկ, վերցրու այս երկու կոպեկանոցը եւ «շտապ օգնություն» կանչիր։

Շարիկը վազեց զանգահարելու, իսկ կովն ու կատուն քիչ֊քիչ սկսեցին ուշքի գալ։ Երգելն ու բառաչելը դադարեցրին։ Կատուն բռնեց գլուխն ու ասաց․

— Ա՜յ թե կաթ է տալիս մեր կովը։ Վերցնես այդ կաթը խտացնես ու կռվի ժամանակ թշնամու բանակին ուղարկես, որ բոլոր զինվորները խելագարվեն ու խրամատներից դուրս թռչեն։

Այդ պահին նրանց է մոտենում փոստատար Պեչկինը։ Կարմրատակած եւ ուրախ։

— Լսեցեք, թե ինչ հոդված եմ կարդացել թերթում։ Մի տղայի մասին։ Աչքերը շագանակագույն են, իսկ մազերն առջեւից այնպես են ցցված, կարծես կովը լիզած լինի։ Բոյն էլ մեկ մետր քսան սանտիմետր է։

Continue reading